Press "Enter" to skip to content

Մինչդեռ կառավարությունն արձակուրդում էր, համաճարակը հասավ Հայաստան

Սեփական թուլությունը սեփական շահերի օգտին հաջողությամբ օգտագործելու հմտությունը նույնքան հին է, որքան քաղաքակրթությունը։ Այն կիրառվել է ինչպես պաշտպանական ռազմավարության, այնպես էլ պետականաշինության մեջ: Հայաստանի պարագայում այն դրսևորվել է դինամիկ և զարգացող տեխնոլոգիական արդյունաբերությամբ, որը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին դարձել էր տնտեսության հիմնասյունը: Վերջինիս չեն խոչընդոտել ո՛չ շրջափակումները, ո՛չ աշխարհաքաղաքականությունը:   

Թվում էր, թե ներկայիս կորոնավիրուսային (COVID-19) ճգնաժամը մի նոր հնարավորություն կընձեռեր Հայաստանին՝ ոչ նախանձելի աշխարհաքաղաքական իրականությունը կրկին դարձնել առավելություն, միայն թե կառավարությունը պրոակտիվ արձագանքեր առկա մարտահրավերին։

Հայաստանն արդեն հաղթահարել էր ավելի քան 80 տոկոս ռազմականացված սահմաններ ունենալու մարտահրավերը, իսկ նրա բաց սահմաններն անընդմեջ բախվում են բազում աշխարհաքաղաքական և տրանսպորտային խոչընդոտների, որոնք կաշկանդում են առևտուրն ու երթևեկությունը։ 

Հայաստանն ունի ընդամենը չորս սահմանային անցակետ, իսկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, միջինացված, ժամում մեկ ուղևորատար ինքնաթիռի մեկնում և ժամանում է ապահովում՝ առանց որևէ տարանցիկ ուղիների:

Հարևան Վրաստանն, ի տարբերություն, իր տնտեսությունը կառուցել է զբոսաշրջության և տարանցման հիմքի վրա՝ հանդես գալով որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջանցիկ տարածք և Եվրոպայի, Թուրքիայի և Ադրբեջանի կապող օղակ։

Հաշվի առնելով Հայաստանի համար հենց այս՝ այլապես տխուր իրականությունը, կարելի էր ենթադրել, որ ճգնաժամի ընթացքում, Հայաստանը թերևս ամենաքիչ տուժած երկրներից մեկը պետք է լիներ՝ ի տարբերություն հարևան Վրաստանի, որը միևնույն ժամանակ կհայտնվեր սպեկտրի հակառակ ծայրում։ 

Իրականությունը, սակայն, այլ է:

Այս նյութի հրապարակման պահի դրությամբ, Հայաստանում արձանգրվել է կորոնավիրուսի տարածման 194 դեպք, ավելի քան երեք անգամ գերազանցելով Վաստանին (54 դեպք), որի բնակչությունն ավելի մեծ է, և Ադրբեջանին (65 դեպք), որի բնակչության թիվը հասնում է 10 միլիոնի:

Ի՞նչ պատահեց

Երբ ճգնաժամը հասավ տարածաշրջան, Հայաստանը այն դիմավորեց պայքարի անհաջող մեկնարկով: Երբ վարակի տարածումն Իրանում վերահսկողությունից դուրս եկավ, դեռ Փետրվարի 23-ից, Իրանի հետ սահմանը փակելու հանրային մեծ պահանջ էր ձևավորվել։ Ընդդիմության առաջնորդ Էդմոն Մարուքյանը այս պահանջը ներկայացրեց Ազգային ժողովում:

Իրավիճակի լրջությունն ամբողջությամբ սկսեցին գիտակցել այն ժամանակ, երբ հարևան երկրներում Իրանից ժամանած անձանց միջոցով սկսեցին կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել: 

Այնուամենայնիվ, խորհրդարանական բանավեճերի ընթացքում իշխող կուսակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կտրականապես մերժեց սահմանը փակելու առաջարկը` հորդորելով մեկընդմիշտ վերջ տալ նման մոտեցումներին:

Որպես Հայաստանի կառավարությունում տիրող խառնաշփոթի վառ ապացույց, ՀՀ դեսպանատունն Իրանում անմիջապես հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցվում է Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը, ինչն էլ հասարակության կողմից ընկալվեց՝ որպես սահմանի մոտալուտ փակման ազդանշան: Սակայն, ընդամենը 5 ժամ անց դեսպանատունը հայտարարեց, որ կշարունակի իր բնականոն գործունեությունը՝ հակասելով ավելի վաղ արված հայտարարությանը: Վերջապես, փետրվարի 24-ին Հայաստանի կառավարությունը փակեց սահմանն Իրանի հետ:

Հանրաքվեն պետք է կայանա 

2020 թվականի հունվարի 23-ին Չինաստանը փակեց Կորոնավիրուսի (COVID-19)-ի էպիկենտրոն Ուհան քաղաքը, և մեկ շաբաթ անց՝ հունվարի 30-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ հայտարարեց: Նույն օրը Ռուսաստանը, գիտակցելով բռնկման լրջությունը, փակեց Չինաստանի հետ 4200 կիլոմետր երկարությամբ սահմանը:

Մինչ ամբողջ աշխարհում առողջապահական ճգնաժամ ու համընդհանուր խառնաշփոթ էր, վարչապետ Փաշինյանը զբաղված էր վիճահարույց սահմանադրական հանրաքվեի քարոզարշավով։ Նշենք, որ հանրաքվեն թույլ կտա Փաշինյանին հեռացնել Սահմանադրական դատարանի անդամներին և փոխարինել իրեն հավատարիմ դատավորներով, ինչն ի վերջո կթույլատրի սահմանադրության վերափոխումը։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց փետրվարի 9-ին։  

2020-ի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն, որը պիտի արժենար 7.3 միլիոն դոլար ու ստվերեր Քառօրյա պատերազմի տարելիցը, ամբողջովին դատապարտվեց ու քննադատվեց ինչպես ընդդիմության, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից, որոնք նախկինում մեծապես աջակցում էին նրան:

Մեկ ամիս անց, երբ ողջ աշխարհում երկրներն արդեն ձեռնարկել էին վճռական միջոցներ՝ մինչև անգամ փակելով քաղաքներ Եվրոպայում և Ասիայում, կիրառել լայնամասշտաբ թեսթավորման մեխանիզմներ, իսկ հիվանդանոցներն այլևս չէին հասցնում սպասարկել վարակվածներին, Փաշինյանն և իր արբանյակները զանգվածային հավաքներ են կազմակերպում ամբողջ Հայաստանում։

Փաշինյանի հանրաքվեի «Այո» քարոզարշավի մեկնարկը, փետրվարի 26, 2020թ.

Իշխող կառավարության անդամները այնուհետև անտրամաբանական հայտարարություններ էին անում, իսկ մարտի 1-ին Փաշինյանի հայտարարությունը գերազանցեց  իր բոլոր նախորդ հայտարարություններին. «Կորոնավիրուսն ու՞մ շունն ա, որ մի հատ էլ կորոնավիրուսը մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի»:

Այս հայտարարությունները, թեև թվում են իռացիոնալ և անհեռատես, այնուամենայնիվ, պետք է դիտարկվեն հանրաքվեի կոնտեքստում։

Հանրաքվեի հաջողության համար, մեծամասնության «Այո» քվեարկելուց բացի, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն մեկ քառորդը պետք է ընտրությանը մասնակցի: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ կառավարությունը ստանա ձայների մեծամասնությունը, հանրաքվեի արդյունքները վավեր չեն լինի, եթե մոտավորապես 650.000 ընտրող չքվեարկի հօգուտ «Այո»-ի, որը հատկապես խնդրահարույց է քանի որ Փաշինյանի կուսակցությունը, 2018 թվականի դեկտեմբերին, ժողովրդականության գագաթնակետին լինելով, 900.000-ից քիչ ձայներ է հավաքել: Կառավարությունը նույնիսկ մինչև կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամը վստահ չէր, որ կհավաքի բավարար քանակով ձայներ, քանի որ հանրաքվեի նպատակները պարզ և հստակ չէին հանրության համար և ընտրողները հոգնել էին Փաշինյանի գրեթե անփոփոխ հեղափոխական հռետորաբանությունից՝ չտեսնելով երկրում շոշափելի առաջընթաց։ 

ՆԿԱՐ- Փաշինյանը և իր թիմը, ըստ երևույթին, խախտել է օրենքը՝ օգտագործելով պետական միջոցները՝ հանրաքվեի քարոզարշավի համար երկրում ճանապարհորդելու նպատակով: 

Փաշինյանի հանրաքվեի «Այո» քարոզարշավի մեկնարկը, փետրվարի 26, 2020թ.

Far Niente (Ոչինչ մի արա). Կառավարման ոճ

Այս իրավիճակն առանձնապես չէր տարբերվում հարևան Իրանի իրավիճակից, որին մեղադրում են վարակի լրջությունը թերագնահատելու մեջ, նպատակ ունենալով փետրվարի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ մասնակցության մակարդակ ապահովելուն, որից հետո համաճարակը դուրս եկավ վերահսկողությունից։ 

Քանի որ արագորեն պարզ դարձավ, որ Իտալիան Իրանին միացած համաճարակի հաջորդ «շղթան» է, կրկին լայնածավալ կոչեր եղան դադարեցնելու Ryanair-ի՝ Միլան-Երևան թռիչքները՝ այս անգամ ևս ընդդիմության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կարծես համակերպվելով, որ վարակը մտել է Հայաստան, մարտի 1-ին հայտարարեց, որ Միլանից թռիչքները չեղարկելու անհրաժեշտություն չկա՝ ասելով. «Երբ որ վիրուսն արդեն շրջանառվում է գրեթե բոլոր երկրներում, այդ ժամանակ ընդհարապես է վերանում սահմաններ փակելու անհրաժեշտությունը»։ 

Նույնիսկ երբ պարզ դարձավ, որ Իտալիայում իրավիճակը վերաճում է ազգային ճգնաժամի, Հայաստանն այդպես էլ պարտադիր չդարձրեց երկիր ժամանողների թեստավորումը կամ առողջության ստուգումը և այս մոտեցում շարունակվեց մինչև թռիչքների չեղարկման մասին հայտարարությունը։ Կառավարության միջամտությունն ավելի շուտ կայանում էր երկիր վերադարձողներին խնդրելով, որ նրանք, ովքեր կունենան ախտանշաններ, ինքնամեկուսանան։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զվարթնոց» օդանավակայանում 1 ժամվա ընթացքում միջին հաշվով կատարվում է միայն մեկ ժամանող միջազգային թռիչք փոքր ինքնաթիռներով, և որ յուրաքանչյուր ուղևոր հեշտությամբ կարող էր ստուգվել, սա հուշում է Հայաստանի կառավարության սարսափելի անուշադրության և անփութության մասին։

Ուստի՝ զարմանալի չէ, որ Թորոսյանի և կառարավարության անհամարժեք վերաբերմունքի արդյունքում Հայաստանում վարակի բռնկումը հիմնականում կապված էր երկու դեպքի հետ՝ երկուսն էլ Ryanair-ի՝ Միլանից Երևան կատարված թռիչքներով։ Մեկը Էջմիածնից այն կինն էր, որին իշխանությունները թույլատրել էին վերադառնալ տուն, և որը, ինչպես հաղորդվում է, մասնակցել էր նշանադրության խնջույքի: Վարակակիր լինելով, վարակել էր տասնյակ մարդկանց ու դարձել կարանտին հայտարարելու պատճառ հարյուրավորների համար։ Ի վերջո,  հենց Ryanair-ը, ոչ թե Հայաստանի կառավարությունը մարտի 13-ին դադարեցրեց Միլան-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները։

Հաջորդող օրերին, չնայած համաշխարհային համաճարակի աճող լրջությանը, Հայաստանի կառավարության արձագանքն էլ ավելի հիասթափեցնող էր։ 

Նիկոլ Փաշինյանի կառավարութան առանցքային ներկայացուցիչները հանրաքվեի հանրահավաքի ընթացքում, 11 մարտի 2020թ.

Ամբողջությամբ տարված լինելով հանրաքվեի հաջողությունն ապահովելու գործով՝ կառավարությունը շարունակեց կարևորություն չտալ իրավիճակի լրջությանը։ 

Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ մեկնում է արձակուրդի՝ իր վիճահարույց հանրաքվեի քարոզարշավը սկսելու նպատակով, չնայած այն փաստին, որ ամբողջ աշխարհում ղեկավարներն ազգային արտակարգ իրավիճակ էին հայտարարում, իսկ համաշխարհային տնտեսությունը կանգ էր առնում։

Չնայած ընդդիմադիր կուսակցությունների կողմից հնչող շարունակական քննադատություններին և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից խիստ նկատելի հանդիմանությանը հանրաքվեի՝ հակասահմանադրական լինելու համար, Փաշինյանը, ով վաղուց արդեն հովանավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, պնդում էր, որ հայ ժողովրդի կամքը անսասան է և արտաքին կարծիքը չի կարող ազդել նրա որոշման վրա։

Մինչև մարտի 12-ը նա ճանապարհորդում էր երկրով մեկ և կազմակերպում էր հանրահավաքներ՝ թերագնահատելով վարակի վտանգը։ Այդ ժամանակ Ջերմուկ քաղաքում նա հայտարարեց, որ որևէ պատճառ չի տեսնում հանրաքվեի քարոզարշավը կանգնեցնելու համար։ Այս ամենը այն դեպքում, երբ մեկ ու կես ամիս առաջ արդեն Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հայտարարել էր համաշխարհային արտակարգ իրավիճակ։

Վերջապես, մարտի 13-ին, Փաշինյանը որոշեց վերադառնալ Երևան՝ իրավիճակը քննարկելու համար: Հանրության հետ հանդիպումների և շփումների ընթացքում կորոնավիրուսային սպառնալիքը շաբաթներով մերժելուց հետո, նա ընտանիքի հետ միասին մեկնում է Սևան՝ վարչապետին հատկացված Սևանի կառավարական առանձնատանն ինքնամեկուսանալու:

Source: Hraparak.am

Այնուհետև, մարտի 16-ին նա հայտարարեց արտակարգ դրության մասին: Դա հանրաքվեն հետաձգելու համար միակ սահմանադրական ճանապարհն էր։ Երկու օր անց կառավարությունը հայտարարեց 300 միլիոն դոլար արժողությամբ արտակարգ իրավիճակների տնտեսական օգնության փաթեթի մասին՝ երկրին անորոշության շրջանում աջակցելու համար, այդ թվում՝ 160 միլիոն դոլար «վարակի դեմ պայքարի նորարական լուծումների» նպատակով։ Առայժմ հայտնի չէ, թե ուր են ուղղվելու այդ գումարները և ում համար է դա շահավետ լինելու։

Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն կլիներ իրավիճակը, եթե վարակի սպառնալիքի արձագանքը ավելի վաղ և կոմպետենտ ձևով լիներ, հաշվի առնելով, որ նախորդ շաբաթների ընթացքում կառավարության ղեկավարը և մի շարք նախարարներ քարոզարշավ իրականացնելու համար «արձակուրդում» էին գտնվում և թերագնահատում էին վարակի սպառնալիքը։

Հարց է առաջանում, թե արդյոք այդ 300 միլիոն դոլարը կարելի էր այլ բանի վրա ծախսել, եթե կառավարությունը այն նույն եռանդով և ճարտարությամբ արձագանքեր ներքին և արտաքին զարգացումներին. սա այն երկրի տնտեսության համար, որը հետ է մնում իր` մինչ փաշինյանական տնտեսական զարգացման ցուցանիշից։ 

Ուշադրություն չդարձնելով վարակի արագ տարածման վրա և այն ծանր հետևանքներին, որոնք կրում են վարակվածները, առաջնահերթությունը չտալով Հայաստանի քաղաքացիների առողջությանը՝ Փաշինյանի գլխավորած կառավարությունը իրեն բնորոշ ձևով որոշեց առաջ մղել իրենց քաղաքական նպատակները։ Սա կառավարության մեծագույն ձախողումն էր՝ իր թիվ մեկ պարտականության իրականացման հարցում, որն է պաշտպանել քաղաքացիներին կանխատեսվող վտանգներից: 

Պետք է ինքներս մեզ մի սթափեցնող հարց տանք․ որքա՞ն ժամանակ է կարող հայ ժողովուրդը իրեն թույլ տալ պահպանել սեփական գոյությունը բուռն ու անզիջում Կովկասում մի առաջնորդի հետ, որն, ըստ էության, դեռևս չի գիտակցում, թե ինչ պատասխանատվություն և հետևանքներ է ենթադրում այն իշխանությունը, որն այժմ կրում է։ Ուրիշ ի՞նչ ավելի աղետալի ճգնաժամի առջև կարող է Հայաստանը կանգնել մյուս անգամ, քանի դեռ նրա գլխավոր հրամանատարը բողոքի ակցիաներ է կազմակերպում ինչ-որ մի գյուղում, շարունակում է փնտրել և հատուցում պահանջել երևակայական թշնամիներից կամ էլ ծաղրել հերթական վտանգը։ 

Քանի որ կառավարությունը ցուցաբերեց ոչ կոմպետենտ մոտեցում մահացու սպառնալիքին արագ արձագանքելու խնդրում, այս հարցը պետք է տանք ինքներս մեզ ու պատասխանենք:

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *